Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Կարող էր չափից դուրս ծիծաղելի լինել, եթե այսքան տխուր չլիներ»

«Կարող էր չափից դուրս ծիծաղելի լինել, եթե այսքան տխուր չլիներ»
26.05.2009 | 00:00

«Շատ բնութագրական է, որ էլեկտրոնային լրատվամիջոցները չեն պատվել մեզ իրենց ուշադրությամբ։ Դա բնական է և ցույց է տալիս, թե ինչպես են այսօրվա իշխանությունները վերաբերվում ընտրարշավին առնչվող անկողմնակալ դիտարկումներին»,- ասուլիսի սկզբում բացակա հեռուստաընկերություններից իր դժգոհությունն այսպես ձևակերպեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` «Ընտրարշավ-2009. ի՞նչ արդյունքներ արձանագրեցին նախընտրական տեխնոլոգիաները, և կլինե՞ն, արդյոք, հետընտրական զարգացումներ» թեմայի շրջանակներում գնահատականներ ներկայացնելուց առաջ։
Շեշտելով, որ Հայաստանում առաջին անգամ ընտրություններ են անցկացվում բացառապես համամասնական ցուցակներով, քաղաքագետն ընդգծեց, որ դրանք, փաստորեն, «օպրոբացիայի» են ենթարկելու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու արդյունավետության աստիճանն ու նպատակահարմարությունը։ Ինչ վերաբերում է արդեն եզրագիծը հատող քարոզարշավին, բանախոսն արձանագրեց, թե այն հերթական անգամ եկավ ի ցույց դնելու մեր իրականության մեջ արմատներ ձգած ցավալի իրողությունը. այն է` գիտակցված ընտրություն անողների թիվը հայ հանրության մեջ չափազանց քիչ է։
«Այ, այսօր մեր էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայացուցիչները գնացել են լուսաբանելու հայ ժողովրդի պանծալի զավակ, մեծ մտածող Արա Աբրահամյանի հանդիպումը, որ կայանալու է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, մինչդեռ վերջինիս շատ օգտակար կլիներ մեր այս ասուլիսին մասնակցելը` հասկանալու համար, թե ինչի է վերածել այս երկիրը։ Անձամբ ինքը»,- հանրապետության նախագահին էլ «չխնայեց» քաղաքագետների միության նախագահը` հայտնի ասացվածքը յուրովի վերաշարադրելով. «Ասա` ով է քո շրջապատը, և ես կասեմ, թե ով ես դու»։ «Ես առիթ չեմ ունեցել անդրադառնալու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարուն և այսօր, օգտվելով առիթից, պետք է արձանագրեմ, որ նրա կադրային քաղաքականությունը շատ ավելի խոցելի է, քան իր նախորդներինը։ Նույնիսկ եթե վերցնենք կարևորագույն դերակատարներին միայն, ստիպված ենք փաստել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, օրինակ, որպես քաղաքական մենեջեր, հարյուր գլխով բարձր էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանից, ում ներկայությունը նախագահական նստավայրում «յա կա-յա չկա»։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իր անմիջական շեֆի քաղաքական ապագան նրան այսօր ամենաքիչն է հուզում։ Գուցե ավելի քիչ, քան իր «Տաշիր» առևտրական բրենդի ճակատագիրը»։
Քաղաքագետը լրագրողներին իրազեկեց, որ իրենց միությունը երկու շատ լուրջ հարցախույզ է անցկացրել մայրաքաղաքի տարբեր համայնքների 500 բնակիչների շրջանում, առաջինը` մայիսի 1-ից առաջ, երկրորդը` օրերս, որոնց արդյունքները գալիս են ապացուցելու, որ գիտակցված ընտրություն անողների թիվն անցած կարճ ժամանակահատվածում երկրաչափական պրոգրեսիայով անկում է ապրել։ Այսպես, եթե մայիսի 1-ից առաջ գիտակցված ընտրության էր պատրաստ հարցվածների 32 տոկոսը, վերջին հարցախույզից հետո այդ թիվը նվազել է մինչև 18,5 տոկոս։
Պատճառներից գլխավորը, թերևս, այն է, որ մարդիկ գիտակցված ընտրություն էին ցանկանում անել` հօգուտ Հայ ազգային կոնգրեսի` քաղբանտարկյալների ազատ արձակումը կապելով միայն Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակի հետ։ Բայց, դե, իշխանությունն էլ, ինչպես ասում են, հայտնի կենդանու ականջում քնած չէ և քարոզարշավի «ֆինիշից» ընդամենը տասն օր առաջ պետության երկրորդ դեմք Հովիկ Աբրահամյանի շուրթերով բարբառեց, որ մայիսի 28-ին «ձիով քայլ» է անելու` համաներման «տակ գցելով» բոլոր բանտարկյալներին։
«Այսօր մեր հիմնական պրոբլեմը, նա՛և այս հարցումների համաձայն, ոչ թե բյուլետեններ կեղծողներն ու քվեատուփեր լցոնողներն են, այլ «ձայն բերողները»,- փաստեց բանախոսը։- «Ձայն բերելը» մեր իրականության մեջ դարձել է մասնագիտություն։ Ժամանակավոր աշխատատեղ։ Սա հայկական ընտրությունների արդեն ձևավորված ավանդույթն է, որը չափազանց վտանգավոր երևույթ է և արժեզրկում է ժողովրդավարություն կոչվածը։ Եվ ինչպես Ահարոն Ադիբեկյանն է յուրաքանչյուր ընտրարշավի ժամանակ աշխատանք ստանում, այդպես էլ` «ձայն բերողները»։
Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` «ամեն ինչ ահավոր է մեր իրականության մեջ, ու չխելագարվելու համար մի քիչ էլ հումորով պետք է նայել առկա իրողություններին»։ Հայտնի ձևակերպմամբ` «ամեն ինչ չափից դուրս ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»։ Եվ, որպեսզի շատ էլ «չտխրեցնի» լրագրողներին, քաղաքագետը որոշեց յուրովի բնութագրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հինգ կուսակցություններից ու մեկ դաշինքից յուրաքանչյուրի քարոզարշավը` երգիծական շեշտադրումներով։ «Այլապես կխելագարվենք»,- կրկնեց` հավելելով, թե մյուս բոլոր «մինուսները» մի կողմ, այսպիսի տաղտկալի քարոզարշավ Հայաստանում երբևէ չի եղել։
Եվ, ուրեմն, ՀՀԿ։ Իշխանության առանցքը կազմող այս քաղաքական թիմի կարգախոսը, ըստ Հովհաննիսյանի, ոչ թե «Քեզ համար, Երևան»-ը պետք է լիներ, այլ` «Նաղդը նիսյայից լավ ա»։ Կամ էլ` «Ավլեմ-թափեմ փոշին», որ պիտի երգեին ընտրողների հետ հանդիպումների ժամանակ` «մարշի» փոխարեն։
«Բարգավաճ Հայաստան»։ Հմայակ Հովհաննիսյանը ոչ այն է լուրջ, ոչ այն է կատակով նկատեց, որ եթե մի տասը տարի հետո իրեն հարց ուղղեն` իսկ Դուք ի՞նչ եք հիշում ԲՀԿ-ի քարոզարշավից, որպես քաղտեխնոլոգ, քաղաքական գործիչ, քաղաքագետ կամ իմիջմեյքեր, ինքը փաստելու է. «Իմ մեջ տպավորվել է Գագիկ Ծառուկյանի սպիտակ «տարազը», որը նման էր «բալախոնի», որով նա, կարծես, փորձում էր ապացուցել, որ ինքն արժանի մրցակից է «չոռնիներին»։ Այսինքն, այդ միջավայրում միակ «սպիտակն» է։ Կա նաև երկրորդ բացատրությունը։ Սպիտակ գույնն առնչվում է բժշկությանը (չմոռանանք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է առողջապահության նախարար, «սպիտակխալաթավոր» Հարություն Քուշկյանը- Լ. Մ.), և մարդն ուզում է ասել` ազգս հիվանդ է, ես էլ եկել եմ բոլորին բուժելու»։
ԲՀԿ-ի կիրառած մեկ այլ տեխնոլոգիա էլ հիշատակեց քաղաքագետը, հընթացս անդրադառնալով նաև հանրապետականների հետ վերջին թաղային «ռազբորկաներին»։ Այն է` «Խփիր յուրայիններին, որ օտարները վախենան»։ «Այս տեխնոլոգիան աշխատեց, որովհետև համապատասխանում է այսօրվա հայ մարդու մենթալիտետին։ Մանավանդ այն ֆոնի վրա, երբ Կոնգրեսի ակտիվիստներին անընդհատ ծեծում էին և անհետևանք էին ծեծում։ Այսինքն, ՀԱԿ-ի ղեկավարներն ակնհայտորեն չէին կարողանում պաշտպանել իրենց ակտիվիստներին, հիմնականում` կանանց։ Ահա այս ֆոնի վրա Գագիկ Ծառուկյանը ցույց է տալիս, որ ինքն անձամբ է ջարդելու բոլոր նրանց մռութները, ովքեր իր թիմակիցների «թանին թթու կասեն»։ Նույնիսկ, եթե գլխավոր դատախազի մատն է այդ «թանի» մեջ խառը»։
«Հայ ազգային կոնգրես»։ «Տասնիններորդ դարավերջին հայտնի սոցիալ-դեմոկրատ Բերշտեյն կար, որն ասում էր. «Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը` ոչինչ»։ Այս մոտեցումն է, թերևս, բնութագրական ՀԱԿ-ի համար, որովհետև մարդիկ սպասում են արդյունքների, իսկ ընդդիմությունը, կարծես, արդյունքի հասնել չի շտապում։ Եվ շատերն էլ այսօր մի քիչ այլ կերպ են ընկալում հայտնի կարգախոսը, ու ստացվում է ոչ թե «Պայքար, պայքար մինչև վերջ», այլ «Պայքար, պայքար մինչև հե՛չ»։
«Օրինաց երկիր»։ Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՕԵԿ-ի ներկայացուցիչ, գյումրեցու հումորը չկորցրած Հովհաննես Մարգարյանը դեռ ընտրարշավից առաջ է փաստել. «Մեր էգը ձեր որձերից լավն ա»։ Իսկ սա նշանակում է, որ այս քաղաքական թիմի կարգախոսը մոտավորապես հետևյալը պետք է լիներ. «Երգով էլ կխաբենք»։ Ինչու` «կխաբե՞նք»։ Որովհետև ավանդների վերադարձի հարցում մի անգամ արդեն խաբել են ընտրողներին (իսկ «պառավին», ինչպես գիտեք, «մի անգամ են կամրջի վրա խաբում»- Լ. Մ.)։
Հայ հեղափոխական դաշնակցություն։ «Ինձ թվում է, ՀՅԴ-ն այսօր գլուխկոտրուկ դարձած մի հավասարության վրա է ստիպված գլուխ կոտրել. «Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան=Սերժ Սարգսյան»։ Հավասարություն, որը չի տրամադրում նման լիրիկական, նոստալգիկ քարոզարշավի` «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» հախվերդյանական երգի մոտիվներով»,- ասաց քաղաքագետը, առաջարկելով ՀՅԴ-ին մեկ այլ երգ-կարգախոս` «Արա, վա՜յ վա՜յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ»։ Որովհետև այս ընտրարշավը եկավ հաստատելու, որ դաշնակցությունը պատրաստ չէր գործելու ընդդիմադիր դաշտում։ Ցավոք, պատրաստ չէր»։
Ժողովրդական կուսակցություն կամ Տիգրան Կարապետիչ։ «Ես ինքս տեղով մեկ տեխնոլոգիա եմ և որևէ տեխնոլոգիայի կարիք չունեմ»։ Այսպես ձևակերպեց ԱԺՄ հոլդինգի և ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի նախընտրական «կարգախոսը» Հմայակ Հովհաննիսյանը` վերջինիս քարոզարշավի փառահամար-գագաթնակետը համարելով «Կենտրոնի» եթերից Պետրոս Ղազարյանի հետ «բանավեճը»։
Եվ վերջապես` ՀԱՍԿ։ Մովսես Շահվերդյան։ Քաղաքագետի կարծիքով` ՀԱՍԿ-ի տեխնոլոգիան լեյտենանտ Շմիդտի զավակների տեխնոլոգիան է։ Այսինքն, «Զավակը ես եմ, նա չի» (կամ` «Իսկ դո՞ւ ով ես, է՜», «Չէ, բա դո՞ւ ով ես»- Լ. Մ.)։
«Բոլոր այս «մազալու» տեխնոլոգիաներն աշխարհում իրենց նախադեպը չունեն»,- վերջում եզրահանգեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը։
Իհարկե, չունեն։
Ախր, մեր ընտրություններն էլ «ուրիշ են»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ